Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին:
Վարչապետին են ներկայացվել ընկերության հիմնական ցուցանիշները և առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2016 թվականին իրացումից հասույթը կազմել է 23 մլրդ. դրամ, արտահանվել է 1430 տոննա հրուշակեղեն, իսկ նախորդ տարի իրականացվել է 9 մլն դոլարի ներդրում: «Գրանդ Քենդի»-ի աշխատողների թիվն այժմ երեք հազար է, իսկ սեզոնային աշխատանքները սկսելու պարագայում աշխատատեղերի թիվն ավելանում է: Միջին ամսական աշխատավարձը կազմում է 160 հազար դրամ: Ընկերության աշխատանքն ամբողջությամբ իրականացվում է արդի տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, ներդրված է որակի վերահսկողության ժամանակակից համակարգ:
Վարչապետին տեղեկացրել են, որ այս տարի «Գրանդ Քենդի»-ն կանխատեսում է ունենալ 100 տոկոսանոց արտահանման աճ և նախատեսում է հիմնել նոր ընկերություն՝ վերազգային մակարդակում գործունեություն ծավալելու նպատակով:
Կառավարության ղեկավարը կարևորել է նման խոշոր ձեռնարկությունների շարունակական զարգացումը, արտադրական ու արտահանման ծավալների հետևողական աճը և հաջողություն մաղթել ընկերությանը` հետագա ծրագրերի իրագործման ընթացքում:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

