Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 13:17
Ալեքսանդր Ավանեսով

Հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա տեղեկությունները մինչև տարեվերջ հասանելի կլինեն բոլոր հնարավոր ներդրողներին

Հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա տեղեկությունները մինչև տարեվերջ հասանելի կլինեն բոլոր հնարավոր ներդրողներին

Արմինֆո. Մինչև տարեվերջ Հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա երկրաբանական տեղեկություններն առցանց հասանելի կլինեն hանրությանը, մասնավորապես՝ բոլոր հնարավոր ներդրողներին։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության  երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի հավաստմամբբ, ֆոնդի թվյանացումը հետևողականորեն իրականացվում է:

«Հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովման միջոցառումների շրջանակներում Հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա երկրաբանական նյութերի թվայնացման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Դա հնարավորություն կտա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ առկա տեղեկատվությունն առցանց հասանելի դարձնել  hանրությանը,  որի  նպատակներից մեկն  էլ ներդրումների  ներգրավման  գործընթացին աջակցելն է», - ասել է բաժնի պետը:

Շուշանիկ Քերոբյանի խոսքով, արդեն թվայնացվել է երկրաբանական տեղեկատվության շուրջ 65 տոկոսը։ Դրանց 60 տոկոսը զետեղված է այդ նպատակով ստեղծված  gro-fund.am ինտերնետային կայքում և հասնելի է բոլորին։ Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մյուս մասի տեղադրումը ընթացքում է։  Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում թվայնացվել է օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների 42 անձնագիր, որոնցից 8-ը վերաբերում է վերագնահատված հանքավայրերին։

Հիշեցնենք, որ թվայնացման աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Դրանք սկսվել են անցած տարվա երկրորդ կեսից։