Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 14:30
Նաիրա Բադալյան

ՀՀ կառավարությունը շարունակում է հարկային արտոնություններ տրամադրել

Արմինֆո. «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ՍՊԸ-ն և «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն հարկային արտոնություններ կստանան՝ ԱԱՀ գումարների վճարման ժամկետի հետաձգման տեսքով: Այդ մասին որոշում ընդունվել է կառավարության ապրիլի 20-ի նիստում:

Ինչպես հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, երեք տարով հետաձգվել է ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատի գինու գործարանե ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է ձեռք բերել խմիչքների արտադրության և շշալցման հոսքագծեր, որով էլ ավելի կբարձրացնի արտադրության որակը և կավելացնի արտադրանքի ծավալները։ Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է կատարել շուրջ 3,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` 2017թ. 162, 2018թ 185, 2019թ. 195 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)ե ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է արևային էներգիայի արտադրության մեջ։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 41,849,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։ Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 100,000 ամսական միջին աշխատավարձով։ Ընկերությունն այդ նպատակով կիրականացնի 287,177,619 ՀՀ դրամի ներդրում։