Չորեքշաբթի, 3 Մայիսի 2017 12:57
Ալեքսանդր Ավանեսով

Նիժնի Նովգորոդի «Տրուդ» գործարանն իր արտադրանքը ներկայացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության քննարկմանն ու հաստատմանը

Արմինֆո. Նիժնի Նովգորոդի «Տրուդ» գործարանն իր արտադրանքը ներկայացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության քննարկմանն ու հաստատմանը: Այդ մասին մայիսի 3-ին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ, կոմերցիոն տնօրեն Յուլիա Բուրովնիկովան:

 

Ըստ նրա, 2016 թվականին գործարանը ArmHiTec սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել էր զինված ուժերի համար համազգեստ` ձմեռային եւ ամառային կոստյումներ եւ  զինվորական գոտիներ` հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության ցանկությունները ներկայացվող արտադրանքի տեսականու առնչությամբ, որն այժմ ներկայացվել է Հայաստանի պաշտպանության նախարարության քննարկմանը: Այսօր բանակցություններ կանցկացվեն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որին գործարանը պատրաստվում է առաջարկել հրշեջների մարտական համազգեստ եւ ձեռնոցներ: Ողջ այդ արտադրանքը, Բուրովնիկովայի հավաստմամբ, սերտիֆիկացված է: ՀՀ ոստիկանությանը կարող են հետաքրքրել համազգեստն ու ձեռնաշղթաների համար պատյանները:

 

Գործարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ ձեռնարկությունը 2015 թվից համագործակցում է Հայաստանի 37 գործընկերների հետ:  «Այժմ համագործակցության գործընթացը կայացման փուլում է, սակայն դրա հեռանկարները հսկայական են», - ասել է Յուլիա Բուրովնիկովան, հավելելով, որ  գործարանը պատրաստվում է իր արտադրանքի առաքումներ սկսել ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող մեծածախ ընկերությունների համար, ինչպես նաեւ` ականանետների ու հաուբիցների ծածկոցներ: Ձեռնարկության ուշադրության կենտրոնում կլինի հանրապետության զինվորական ապրանքների առևտրի ցանցը: