Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է ստեղծել տրանսպորտային նոր համակարգ, մայիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ տրանսպորտը պետք է հասանելի լինի հանրապետության բոլոր համայնքների բնակիչներին։ «Գույքագրումից հետո պարզվեց, որ 220 համայնք մասամբ կամ ընդհանրապես չի սպասարկվում: Դրանք բոլորը մարզային նշանակության երթուղիներն են։ Չսպասարկվող համայնքների 40%-ից ավելին արդեն ներառվել է գործող երթուղային ցանցում: Այսօր ունենք չսպասարկվող շուրջ 90 համայնք։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ համայնքները ևս առաջիկայում սպասարկվեն»,- մանրամասնել է Վահան Մարտիրոսյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ մշակվում է տրանսպորտային նոր համակարգ, որի ընդունումից հետո կկիրառվի նաև միասնական օպերատորի գաղափարը։