Արմինֆո. Գեղարքունիքի մարզում 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ» արևային էլեկտրակայանի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 50 մլն դոլար: Մայիսի 17-ին այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` Երևանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարներին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի հարթակներում:
Նրա ասելով, ապրիլի 28-ին Հայաստանում մեկնարկել է մրցույթի նախաորակավորման փուլը: Ներդրումային ծրագիրը ձեռք են բերել 7 ընկերություններ, ինչը վկայում է նախագծի նկատմամբ հետաքրքրության աճի մասին: Ներդրողներին կտրամադրվի 6 ամիս` վերջնական մրցույթին մասնակցության հայտեր ներկայացնելու համար: Ինչպես ակնկալվում է, մրցույթին կմասնակցի շուրջ 10 ընկերություն: Ընդ որում, մասնակիցների աշխարհագրությունը կլինի շատ լայն, գործնականում` ողջ աշխարհից: «Հուսով եմ, որ այսօրվա միջոցառման արդյունքում մասնակիցների թիվը կավելանա», - նշել է փոխնախարարը, հավելելով, որ այսօրվա դրությամբ մրցույթի մասնակիցների թվում ԱՄՆ ընկերություններ չկան:
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի համաձայն, նախատեսվում է Հայաստանի վեց տեղամասերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի կայաններ: Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 129 մլն դոլար։ Կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքներից երկուսի համար իսպանական «Արիես Ինժեներիաե խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները։ Դրանք վերաբերում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի վարչական սահմաններում գտնվող «Մասրիկ» և «Դաշտադեմ» տեղանքներին։ Աշխատանքները մյուս չորս տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումների վերաբերյալ շարունակվում են: Մրցույթի հիմնական պայմաններից մեկը լինելու է առաջարկվող սակագինը։ Առավելությունը տրվելու է նվազագույն սակագնային առաջարկությանը։
Այլընտրանքային էներգետիկայի զարգացման կլիմայական ներդրումային հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 28 մլն.դոլար, որից 2 մլն.դոլարը կլինի դրամաշնորհի, իսկ 26 մլն.դոլարը` վարկի տեսքով: Վարկի պայմանները շատ ձեռնտու են՝ տարեկան 0.25%, 40 տարի մարման ժամկետով և առաջին 20 տարիների համար արտոնյալ ժամանակահատվածով: Դրամաշնորհային միջոցներով կկատարվեն տեղի հետազոտման աշխատանքները, ինչպես նաև նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակումը, որը նախատեսվում է 100-120 մեգավատ հզորությամբ կայանի համար: