Արմինֆո. Ամերիկյան «ՄաքԼին Փաուեր Սիսթեմզ» ընկերություն ուսումնասիրում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համալիրում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: Այդ մասին մայիսի 17-ին Երեւանում մեկնարկած՝ Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովի ժամանակ ասել է ընկերության ղեկավար Մարգարեթ ՄաքԼինը:
Նրա խոսքով, ընկերությունը սարքավորում է արտադրում էլեկտրաէներգիայի բաշխման և հաղորդման օբյեկտների համար: Խոսքը վերաբերում է արտադրող օբյեկտներից էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը և այն վերջնական սպառողին հասցնելուն: Ընկերությունն ընդհանուր առմամբ արտադրում է 20 հազար անուն արտադրանք՝ տվյալ ցիկլում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: Այս առումով ընկերությունն ուսումնասիրում է հայաստանյան շուկայում իր ներկայության տարբերակները: Մասնավորապես, նախատեսվում է ուսումնասիրել արդյունաբերության և գյուղատնտեսության էլեկտրամատակարարման մեխանիզմները:
Պատասխանելով նոր էլեկտրական ենթակայանների և էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման համար սարքավորումների մատակարարման հայտամրցույթներին ընկերության հնարավոր մասնակցության վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին՝ Մարգարեթ ՄաքԼինը նշել է, որ այդ հարցը նույնպես ուսումնասիրության առարկա է: «Եթե նման հայտամրցույթ հայտարարվի, մենք անպայման կմասնակցենք դրան»,- նշել է ընկերության ղեկավարը: