Ուրբաթ, 2 Հունիսի 2017 18:53
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Արմինֆո.  Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է KfW բանկի աջակցությամբ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականությունը: Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ KfW տարածաշրջանային տնօրենն այն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային տնտեսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ընթացիկ, ինչպես նաև ապագա ծրագրերին վերաբերող հարցեր: