Արմինֆո. ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում վաճառքի նպատակով տեղական մսի ձեռք բերումը պետք է կատարվի միայն ապանդանոցներից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, այդ անցումը հնարավորինս սահուն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը շարունակում է խորհրդատվական հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ:
Հունիսի 23-ին հերթական հանդիպումն անցկացվել է հանրապետության եզդի համայնքի՝ ավանդաբար անասնապահությամբ զբաղվող ներկայացուցիչների հետ:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը խոսել է սպանդանոցների կառուցման անհրաժեշտության մասին՝ տեղեկացնելով, որ արդեն գործող 15 սպանդանոցները բավարար չեն հանրապետության ողջ տարածքում սպանդանոցային ծագման մսի պահանջարկը ծածկելու համար: Նա շեշտել է, որ փողոցի վրա, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը պետք է բացառվի և վստահեցրել, որ Ծառայությունն, իր իրավասությունների շրջանակներում, պատրաստ է տրամադրել նոր սպանդանոցների կառուցմանը նպաստող հնարավոր մասնագիտական աջակցություն: «Դուք մեծ ներդրում ունեք անասնապահության, անասաբուծության գործում: Սպանդանոցների ստեղծումը, բիզնեսի տեսանկյունից, ձեզ համար զարգացման նոր հնարավորություն կարող է լինել՝ միաժամանակ բարձրացնելով իրացվող մսի անվտանգության մակարդակը»,-ասել է Ծառայության պետը:
Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մանրամասնել է սպանդանոցներին և մսի իրացման կետերին ներկայացվող պահանջները՝ շեշտելով, որ առնվազն պետք է ունենալ վաճառակետերին կից սպանդային կետեր:
Եզդի տնտեսվարողների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել սպանդանոցային պայմաններում մորթն իրականացնելու հնարավորություններ ստեղծելու ժամկետների վերաբերյալ: Ծառայությունը իրավիճակին հետևելու նպատակով պարբերաբար շրջայցեր է կատարելու ճանապարհամերձ այն տարածքներ, որտեղ գործունեություն են իրականացնում եզդի ֆերմերները:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |