Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ի համար ինդուստրիալ հակասեյսմիկ պաշտպանության երկու համակարգերը պատրաստ կլինեն մինչև 2018 թվականի ապրիլը: Այս մասին Մոսկվայում կայացած «Ատոմէքսպո-2017» 9-րդ միջազգային համաժողովի շրջանակներում ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական ինստիտուտի» տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը:
Նրա խոսքով, սեյսմիկ պաշտպանության համակարգը թույլ է տալիս արագ արձագանքել սեյսմիկ ռիսկերին: Մասնավորապես, համակարգն արագ անջատում է ռեակտորային սարքը 6 և ավելի բալանոց երկրաշարժի դեպքում: Ընդ որում, ՀԱԷԿ-ն ի վիճակի է դիմակայել 9 բալանոց ցնցումներին: Նա հաղորդել է նաև, որ «Արմատոմը» կմասնակցի տվյալների մշակմանը կայանում իրականացվող 9 միջոցառումներում, 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ աշխատանքների և վերալիցքավորման նպատակով 60 օրով կանգնեցվեց: Այդ ընթացքում կիրականացվեն նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքներ: Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին: «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական բաժանմունքի մաս է հանդիսանում: Ընկերությունը ՋՋԷՌ-ի վրա աշխատող օտարերկրյա ատոմակայաններին է մատուցում շահագործման եւ վերանորոգման համար անհրաժեշտ ծառայություններ, զբաղվում է մատակարարման գործընթացներով: Ընկերությունը ներկայացված է ՋՋԷՌ-ի վրա աշխատող ատոմակայաններ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի եւ Հայաստանի շուկաներում «Ռոսաոտոմ սերվիս» ընկերությունը հանդիսանում է շահագործման ժամկետը երկարացնելու, վերանորոգումներ իրականացնելու եւ ատոմակայանների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառու: Արտասահմանյան շուկաներում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի պատվերների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: