Հինգշաբթի, 29 Հունիսի 2017 20:44
Նաիրա Բադալյան

Սերժ Սարգսյանն ու Գիորգի Գախարիան քննարկել են մի շարք փոխշահավետ ոլորտներում համատեղ նախագծերի իրագործման հնարավորությունները

Սերժ Սարգսյանն ու Գիորգի Գախարիան քննարկել են մի շարք փոխշահավետ ոլորտներում համատեղ նախագծերի իրագործման հնարավորությունները

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը նախոօրեին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը ողջունել է հյուրին, կարևորել նրա այցը Հայաստան և դրա շրջանակներում անցկացված հայ-վրացական գործարար համաժողովը, որը նախագահի համոզմամբ, նոր խթան կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը: 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը, երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական կապերի հետագա խորացման ու ամրապնդման համար:

Հանրապետության նախագահը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, փոխշահավետ մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է փոխադարձ աջակցությունը երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու, համատեղ արտահանման ծրագրեր իրականացնելու հարցում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Վրաստանը ներգրավված լինելով տարբեր ինտեգրացիոն գործընթացներում՝ ՀՀ-ն անդամակցելով ԵԱՏՄ-ին, իսկ Վրաստանը ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիր, մեծ ներուժ ունեն զարգացնելու փոխգործակցությունը նաև այդ գործընթացների շրջանակներում: