Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 10:57
Ալեքսանդր Ավանեսով

Պտուղ-բանջարեղենի ավելի քան 95%-ը Հայաստանն արտահանել է Ռուսաստան

Պտուղ-բանջարեղենի ավելի քան 95%-ը Հայաստանն արտահանել է Ռուսաստան

Արմինֆո. 2017 թ. հուլիսի 26-ի դրությամբ Հայաստանն արտահանել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որից 62 հազար տոննան մատակարարվել է ռուսական շուկա: Այդ մասին հուլիսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Ըստ որում, նա ընդգծել է, որ արտահանվել է 26000 տոննա ծիրան, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին 7 տարիների համար: «Ընդ որում, ծիրանի արտահանումը դեռ շարունակվում է` ի հաշիվ սառնարանային տնտեսություններում պահեստավորված մթերքի»,- նշել է Ռ. Մակարյանը: Միաժամանակ նա հավելել է, որ այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ երկու անգամ ավել` 2500 տոննա ելակ է արտահանվել, իսկ կարտոֆիլի արտահանումը եռակի անգամ է ավելացել` կազմելով 5400 տոննա: Նրա խոսքով, արտահանում իրականացվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, մնացածը՝ Վրաստան, ԱՄԷ, Բելառուսի Հանրապետություն և Ուկրաինա:

Մթերումների առնչությամբ փոխնախարարը նշել է, որ հուլիսի 26-ի դրությամբ վերամշակող ընկերությունները մթերել են 10500 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը շուրջ  67 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թ. հունվար-մայիսին Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 3,2%՝ մինչև 183.4 մլրդ դրամ անկում է արձանագրել: Գյուղատնտեսության նախարարությունում ցուցանիշների իջեցումը բացատրել են գյուղատնտեսական տարվա՝ որոշակի ուշացումով (10-15 օր) մեկնարկով և կարկուտի հասցրած վնասով: