Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 15:07
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Վարչապետը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին:

Արդյունավետ գնահատելով ԵՆԲ հետ համագործակցությունը՝ վարչապետը կարևորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է տարբեր բնագավառներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի համար առավել նպաստավոր դաշտի ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը:

Վազիլ Հուդակը, իր հերթին, նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստակամ է շարունակելու ՀՀ կառավարության հետ փոխշահավետ գործակցությունը համատեղ նախանշված ուղղություններով և կյանքի կոչելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել հետագա քայլերին և համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է Հայաստանում կատարել մոտ 212 մլն եվրոյի ներդրումներ: Ընդ որում, միայն վերջին երեք տարիների ընթացքում ԵՆԲ-ն էականորեն ավելացրել է ներդրումների ծավալը Հայաստանում: Հայաստանի հետ Բանկի համագործակցությունը հիմնված է երեք հիմնական ոլորտներում`էներգամատակարարում, ենթակառուցվածքների զարգացում և  աջակցություն, աջակցություն ՓՄՁ ոլորտին: