Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017 13:41
Նաիրա Բադալյան

Վարչապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողներին

Վարչապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողներին

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերել է տարերային աղետների հետևանքների վերացմանը և պետական աջակցությանը:

 

Անդրադառնալով հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրության և հնարավոր լուծումների վերաբերյալ տրված հանձնարարականին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ և վեր են հանվել ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարությունից, սելավներից էապես տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները: Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները նշված տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքների հողօգտագործողներին ըստ ներկայացված հայտերի զիջելու նպատակով»:

 

Հունիսի 29-ին կառավարության նիստից հետո  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, հարցին, թե արդյոք համայնքներին կտրամադրվի փոխահուցում, նշել էր, որ ընդհանուր վնասը գնահատվել է 32-36 մլրդ դրամ: «Հետևաբար, մինչև Հայաստանում չներդրվի ապահովագրական համակարգը, փոխհատուցման հնարավորություն չի լլինի: Հնարավորություն չի լինի նաև խոսել ֆերմերի ավելի հարմարավետ կյանքի մասին»,-նկատել էր նախարարը՝ ավելացնելով, որ 2018 թվականից Հայաստանում մեկնարկում է գյուղատնտեսական ապրանքների ապահովագրության պիլոտային ծրագիրը և հակակարկտային ցանցերի տեղադրումը: