Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 18:46
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյանը դժգոհություն է հայտնել Երևան-Սևան մայրուղու վերանորոգման աշխատանքների ընթացքից

Կարեն Կարապետյանը դժգոհություն է հայտնել Երևան-Սևան մայրուղու վերանորոգման աշխատանքների ընթացքից

Արմինֆո. «Ինչո՞ւ է այդքան ձգձգվում Երևան-Սևան մայրուղու շինարարությունը»,- այսօր կառավարության նիստում հարցրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մի հատված կա ամառային այս թեժ ժամանակահատվածում, երբ կողքով անցնես շինարար չես տեսնում՝ ոչ առավոտյան, ոչ երեկոյան ժամերին»,-հարցրել է նա:

Ի պատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշել է, որ տվյալ փուլում կամուրջի վերանորոգում է տեղի ունենում: «Կամուրջի մի հատվածը վերանորոգվել է, մյուսինը՝ մոտ է ավարտին»,- հայտարարել է նա: Մայուղու այլ հատվածներում աշխատանքները կսկսվեն օգոստոսի 26-ից հետո:

Նշենք, որ հունիսի 27-ին խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ Գագիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ «Հյուսիս - Հարավե ավտոմայրուղին կառուցվում է արագ տեմպերով:  Ըստ նրա, նախատեսված 17.3 մլրդ դրամի փոխարեն իրացվել է 24 մլրդ դրամ: Առաջին տրանշի (Տրանշ 1) աշխատանքները նախատեսված են Երևան - Արտաշատ և Երևան – Աշտարակ հատվածների համար և գրեթե ամբողջությամբ ավարտվել են, Աշտարակ – Թալին հատվածում (տրանշ 2) աշխատանքները ներկայումս ընթանում են: Թալին-Գյումրի երրորդ  հատվածում (Տրանշ 3) տեղի են ունենում հողային աշխատանքներ և բետոնե փորձնական երեսարկումը: