Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 09:55
Ալեքսանդր Ավանեսով

Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ընկերություններին տրամադրելու է մատչելի վարկեր

Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ընկերություններին տրամադրելու է մատչելի վարկեր

Արմինֆո. Հանրապետությունում գործող պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերություններում շարունակվում է մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին և միաժամանակ ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված գյուղատնտեսության նախարարության նոր նախաձեռնությունները, այդ թվում նաև` մատչելի վարկերի տրամադրման ծրագրերը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, նախարարը, մասնավորապես, նշել է, որ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի պայմաններն են՝  Ընկերություններին տրամադրվելու է 3% տոկոսադրույքով վարկ, վարկը տրամադրվելու է  1 տարի ժամկետով, յուրաքանչյուր վերամշակող ընկերություն կարող է ստանալ մինչև 150 մլն դրամ, ծրագրի բյուջեն կազմում է  շուրջ 2.4 մլրդ դրամ, գումարը տրամադրվելու է անմիջապես գյուղացուն:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ  օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունում արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Մթերման գործընթացը շարունակվում է:

Անդրադառնալով մթերումների դիմաց նախորդ տարիներին կուտակված պարտքերին՝ նախարարը նշել է, որ խնդրահարույց է շարունակում մնալ «Վինարե ընկերության հարցը, որը դեռևս պարտքեր ունի գյուղացիական տնտեսություններին: Գյուղատնտեսության նախարարությունը դիմելու է իրավապահ մարմիններին պարտքի մնացորդը մարելու միջնորդությամբ:

Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են նախարարության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ առաջիկայում հնարավոր են համարում ավելացնել արտադրության ծավալները:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ փոփոխություններ են արվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրում, մասնավորապես՝ Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու են  5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին  և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տարեկան տոկոսադրույքով վարկեր, վարկը տրամադրվելու է   5 տարի մարման ժամկետով, տրամադրվող վարկի գումարի նվազագույն շեմը 3 մլն դրամ է, իսկ առավելագույնը՝ 10 մլն: