Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 18:14
Նաիրա Բադալյան

Իրաքը ցանկանում է Հայաստանի հետ համագործակցել հեռահաղորդակցության ոլորտում

Իրաքը ցանկանում է Հայաստանի հետ համագործակցել հեռահաղորդակցության ոլորտում

Արմինֆո. Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակության Հայաստան այցի նպատակը հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության եզրեր գտնելն ու Հայաստանում կայացած ենթակառուցվածքների վերաբերյալ փորձի փոխանակումն է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Իրաքի կապի և ենթակառուցվածքների պետական ընկերության (ITPC) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվին, ով  գլխավորում է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակությունը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում Բորիս Դեմիրխանյանը ներկայացրել է այն ոլորտներն ու ուղղությունները, որոնց շուրջ քննարկումներ ու հանդիպումներ կլինեն պատվիրակության` Հայաստանում գտնվելու 3 օրերի ընթացքում: Նախարարության առաջարկությամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բուհերի ու գիտահետազոտական մի քանի ինստիտուտների, հեռահաղորդակցության խոշոր օպերատորների և ՏՏ ոլորտի ընկերությունների հետ:

 

Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվել է հեռահաղորդակցության ոլորտին։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տարածքում ինտերնետ ցանցի հասանելիության ցուցանիշները, օպերատորների աշխատանքը, ներդրվող նոր տեխնոլոգիաները:

 

Կողմերը քննարկել են նաև Տեղեկատվության մշակման ազգային կենտրոն (Data center) ստեղծելու երկու երկրների մոտեցումները: Իրաքյան կողմը հայտնել է, որ նույնպես հետաքրքրված է ազգային Data center-ի կառուցման ծրագրով, և այդ ուղղությամբ նախնական քայլեր արդեն իսկ արվում են:

 

ՀՀՌՑ ներկայացուցիչը կիսվել է Հայաստանի թվային հեռուստատեսության ներդրման փորձով: Հյուրերը հետաքրքրվել են գործընթացի մանրամասներով, հայտնելով, որ պատրաստվում են իրականացնել թվային հեռուստացանցի կառուցման ծրագիր, և այս ուղղությամբ հնարավոր է համագործակցություն։ Քննարկվել են նաև արբանյակային ծրագրերի շուրջ գործակցության հնարավորությունները: Քանի որ հնարավոր համագործակցության ուղղությունները բազմաթիվ են, կողմերը նշել են, որ առաջին այցի արդյունքների ամփոփումից և ընդհանրացումից հետո, կուղենշվեն երկուստեք գործակցության հետագա քայլերը: