Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017 11:46
Ալեքսանդր Ավանեսով

2016 թ. Շորժա համայնքում 10 հեկտարի վրա հիմնված այգու առաջին բերքը սպասում են ստանալ երրորդ տարում

2016 թ. Շորժա համայնքում 10 հեկտարի վրա հիմնված այգու առաջին բերքը սպասում են ստանալ երրորդ տարում

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում` առկա խնդիրներին ծանոթանալու և ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով:

Մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, որ այգին, որում աճեցվում են հայկական ավանդական ծիրանի սորտեր, հիմնվել է 2016 թվականին՝ 10 հեկտարի վրա,  երրորդ տարում սպասում են ստանալ բերքի որոշակի քանակ, իսկ հինգերորդ տարում ակնկալում են լիարժեք բերք: Նշելով, որ այգու ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով` Սուլիկո Շուշանյանն ընդգծել է, որ այն կատարյալ է և չափազանց արդյունավետ:

Նա տեղեկացրել է նաև, որ այգում ընթացիկ աշխատանքների իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա` միաժամանակ ընդգծելով, որ նման ծրագրի նախաձեռնումը շատ կարևոր է և անհրաժեշտ:

Շրջելով Շորժայի ծիրանի այգում` նախարարը հույս է հայտնել, որ այն տարածաշրջանի մյուս այգեգործների համար ազդակ կհանդիսանա, որպեսզի հիմնեն նմանատիպ այլ այգիներ, քանի որ առկա են բոլոր նախադրյալները որակյալ բերք ստանալու և դրանով իսկ մեծ եկամտաբերություն ապահովելու համար: