Արմինֆո. ՉԺՀ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը օգոստոսի 16-ին Պեկինում՝ Չինաստանի մասնավոր հատվածի միջազգային առևտրային պալատի կենտրոնական գրասենյակում, չինացի գործարարներին և ներդրողներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումային գրավչությունները, ներուժը և առկա հնարավորությունները, ինչպես նաև մի շարք ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, հանքարդյունաբերության, արտադրության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում:
Մասնավորապես ներկայացվել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ներդրումային ծրագրերը, նախագծեր վերականգնվող արևային, հողմային, գեոթերմալ և հիդրոէներգետիկայի ոլորտներում։ Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել Հայաստանում ձկնաբուծության զարգացման և ջերմոցային տնտեսությունների կառուցման վերաբերյալ նախագծեր, պղնձաձուլարանի կառուցման և հանքարդյունաբերության ու արտադրության ոլորտի մի քանի այլ ծրագրեր։ Անդրադարձ է կատարվել նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցման ծրագրին։
Հանդիպմանը ներկա են եղել պետական և մասնավոր կառույցներից 40-ից ավելի մասնակիցներ:
Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանի խոսքով՝ հետաքրքրությունը չինական կողմից բավականին մեծ է հատկապես ենթակառուցվածքային և հանքարդյունաբերության ոլորտների հանդեպ։
«Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տնտեսության, ներդրումային դաշտի և առհասարակ, երկրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու և ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Հաճախակի անցկացվում են տարբեր ձևաչափերի միջոցառումներ, հանդիպումներ չինացի ձեռնարկատերերի, ներդրողների հետ, որպեսզի վերջիններս առավելապես տեղեկացված լինեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում առկա համագործակցության հնարավորությունների և ներդրումային ներուժի մասին: Դրանցից մեկը հենց այսօրվա հանդիպումն էր: Նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, և ճիշտ թիրախավորված աշխատանքի արդյունքում խթանելու ենք Հայաստանում չինական ներդրումների ծավալների աճըե,- ավելացրել է Աբաջյանը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |