Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ընտանիքի կողմից խոստացել է շուրջ 200 հեկտար նռան այգի տնկել Արցախում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
«Երեկ հնարավորություն ունեցա Արցախում կարճատև արձակուրդով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցազրույց անցկացնել՝ իմ թեկնածուական ատենախոսության համար: Հաճելի և պատվաբեր էր հյուրընկալվել Աստղաշեն գյուղում գտնվող նրա պապական տանը, որտեղ այս օրերին Կ. Կարապետյանը, իր հարազատների հետ միասին, անցկացնում էր հարաբերական հանգիստը: Այնպիսի տրամադրող միջավայր էր, որ հարցազրույցն արագորեն վերածվեց զրույցի՝ տարբեր թեմաների շուրջ՝ կառավարման մոտեցումներից ու կրթություն/գիտությունից մինչև սոցիալ-հոգեբանություն և հայկական արդի հիմնախնդիրներ: Արդյունքում ամրապնդվեց նրա մասին իմ հեռակա կարծիքը՝ որպես պարզ, անկեղծ, սրտացավ ու խորաթափանց մարդու:
Ուրախալի է տեսնել, որ նման պաշտոնյան իր արձակուրդն անցկացնում է Արցախում, հատկապես՝ իր հայրենի գյուղում: Էլ ավելի ուրախալի և ողջունելի էր, որ նա իր հանգիստը, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ միասին, համատեղեց կիսաշխատանքային շրջագայության հետ՝ ծանոթանալով Արցախում գործող տարբեր նախագծերի: Ավելին՝ խորհրդանշական էին երկու վարչապետների այցը Թալիշ և մոտորանավակով զբոսանքը սահմանամերձ Մատաղիսի ջրամբարում:
Ի դեպ, տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի: Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով»,- գրել է նա:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |