Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 10:51
Ալեքսանդր Ավանեսով

ԱԺ վավերացրել է Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասի համատեղ շահագործման շուրջ հայ-իրանական միջկառավարական համաձայնագիրը

ԱԺ վավերացրել է Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասի համատեղ շահագործման շուրջ հայ-իրանական միջկառավարական համաձայնագիրը

Արմինֆո. Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի նիստում վավերացրել է Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասի համատեղ շահագործման շուրջ հայ-իրանական միջկառավարական համաձայնագիրը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի ասելով, 2016 թվականի դեպտեմբերին ստորագրված համաձայնագրի հիմնական նպատակը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության աշխուժացումն է: Այդ առնչությամբ նախատեսվում է մաքսային ընթացակարգերի պարզեցում, մասնավորապես, փոխադրամիջոցների երթևեկության նկատմամբ կրկնակի վերահսկողության բացառում, ինչը թույլ կտա զգալիորեն արագացնել մեքենաների անցման ժամկետները: Այլ կերպ ասած` երկու երկրների մաքսատները կվստահեն մեկը մյուսի հաստատած հայտարարագրերին: Փոխադրամիջոցների և բեռների վերաբերյալ տեղեկատվությունը կողմերին կփոխանցվի էլեկտրոնային ձևով: Վերահսկողությունը կիրականացնի ընդունող կողմը: Բացառիկ դեպքերում, օպերատիվ տեղեկատվության առկայության դեպքում ստուգում կարող է անցկացնել նաև ուղարկող կողմը:

Օգոստոսի 3-ին Իրանի խորհրդարանն արդեն վավերացրել էր այդ համաձայնագիրը: Ինչպես նշվում է համաձայնագրին կից փորձագիտական եզրակացությունում, Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասն Իրանի համար կարևոր է ոչ միայն երկկողմ ապրանքաշրջանառության ապահովման տեսանկյունից, այլև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար: