Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2017 19:58
Ալեքսանդր Ավանեսով

Աշոտ Մանուկյանը ընդունել է Արժույթի Միջազգային հիմնադրամի  պատվիրակությանը

Արմինֆո. Սեպտեմբերի 15-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծերի, «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերի ընթացքը, դրանց ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերը։

Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատակացման ուղղությամբ իրականացվող քայլերը և ժամանակացույցը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքին, առաջիկա անելիքներին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ արտաքին պարտքի կառավարմանը վերաբերող հարցերը և էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղվող վարկային միջոցների ազդեցությունը արտաքին պարտքի ծավալների վրա։