Արմինֆո. Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման զգալի աճի հարցում Հայաստանը կարող էր դիմել ժամանակակից ատոմային տեխնոլոգիաների օգտագործմանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներային ռադիոէկոլոգիայի և ռադիոքիմիական տեխնոլոգիաների ամբիոնի ավագ դասախոս Անդրեյ Ակատովը վերջերս Երևանում անցկացված սեմինարի ընթացքում՝ նվիրված ոչ էներգետիկ նպատակներով ատոմային տեխնոլոգիաների օգտագործմանը:
Փորձագետի խոսքով, Հայաստանում ատոմային տեխնոլոգիաներն առայժմ խիստ հազվադեպ են օգտագործվում ոչ էներգետիկ նպատակներով: Դրա պատճառը ոչ միայն համապատասխան սարքերի բարձր արժեքը, այլ նաև՝ անհրաժեշտ կադրերի պակասը, ինչպես նաև դրանց կիրառման ուղղությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության բացակայությունն է՝ չնայած այդ ուղղությունը մեծ հեռանկարներ ունի մարդկանց կյանքի որակի բարձրացման համար, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպես՝ գյուղատնտեսությունը, բժշկությունը, գիտությունը և այլն:
Ակատովի խոսքով, այսօր համաշխարհային պրակտիկայում զարգացում է ապրում սննդամթերքի ստերիլացման ժամանակ ռադիացիոն տեխնոլոգիաների կիրառումը: Այն հատկապես ակտուալ է Հայաստանի համար, որի գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը արտահանվում է երկար հեռավորություններ: Փորձագետի խոսքով, սննդամթերքի ռադիացիոն ստերիլացման եղանակը թույլ է տալիս մթերքներին երկար ժամանակ պահպանել որակը և համային հատկությունները. «Ճառագայթի տակ են դրվում արդեն փաթեթավորված մթերքները, իսկ մշակումից հետո դրանք դառնում են ստերիլ»: Դրա համար, նշել է փորձագետը, կարելի է օգտագործել ինչպես էլեկտրոնների արագացուցիչներ, այնպես էլ՝ ռենտգենային սարքեր կամ գամմա ճառագայթման աղբյուրներ: Ըստ որում, վերջին կես դարում անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել այդ սննդամթերքի անվտանգությունն օրգանիզմի համար: Ավելին, սննդամթերքի սննդային արժեքն առնվազն պակաս չէր, քան՝ ջերմային ստերիլացման դեպքում, իսկ թունավոր նյութեր պակաս չափով են կուտակվել, քան ջերմային և քիմիական մշակման ժամանակ: «Խնդիրը կայանում է սարքի արժեքում, ինչը կարող է միլիոնավոր դոլարների հասնել: Իհարկե, այն կարող է աշխատել տասնյակ տարիներ, և անհրաժեշտ բեռնվածության դեպքում բավական կարճ ժամանակահատվածում ծախսը ծածկել»,- նշել է փորձագետը:
Աշխարհում այս տեխնոլոգիայի օգտագործման առաջատարներն ԱՄՆ-ը և Չինաստանը: «Այժմ աշխարհում շուրջ 700 հազար տոննա սննդամթերք ռադիացիոն մշակում է անցնում, իսկ ճառագայթային ծառայությունների շուկան կազմում է շուրջ $2 մլրդ: Այս ծավալներնը դեռ այնքան նշանակալի չեն, սակայն շուկան զարգանում է ակտիվ տեմպերով: Ակնկալվում է, որ 2020 թվականին այն կկազմի $4,8 մլրդ, իսկ 2030 թվականին՝ $10,9 մլրդ»,- ասել է Ակատովը:
Վերջին տարիներին Հայաստանի գյուղատնտեսական արտադրությունում ակտիվորեն օգտագործվում են պարարտանյութեր, բայց քչերը գիտեն, որ ատոմային տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս բարձրացնել միջին բերքատվությունը 25-40%-ով: Ըստ որում, ռադիացիոն տեխնոլոգիաներն ավելի քիչ էներգածախս են պահանջում սովորական մեթոդների համեմատ՝ կտրուկ նվազեցնե;ով թունավոր նյութերի կիրառումը, և չունենալով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն: Գոյություն ունի նաև ռադիացիոն սելեկցիայի մեթոդ, այսինքն՝ նոր սորտերի ստեղծման, ինչի շնորհիվ զգալիորեն կմեծանա բերքատվությունը: «Վերջին 40 տարում աշխարհում ռադիացիոն սելեկցիայի մեթոդով շուրջ 800 նոր սորտ է ստացվել, ինչը կազմում է սելեկցիայի օգնությամբ ստացված բոլոր սորտերի 90-ը: Ըստ որում, այդ սորտերը միանգամայն անվտանգ են, ինչի մասին են վկայում կենդանիների վրա իրականացված հետազոտությունները»,- ընդգծել է նա:
Նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ տարեկան աշխարհում, հիմնականում փչանալու հետևանքով, կորչում է արտադրված սննդամթերքի գրեթե մեկ երրորդը (1,3 մլրդ տոննա): Այդ խնդրի լուծման համար 69 երկրում գործում է ավելի քան 80 սննդատեսակի ճառագայթման թույլտվուրթյուն, շուրջ 40 երկիր սննդամթերքի ճառագայթում է իրականացնում մշտական հիմունքով: