Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է USAID առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է տիկին Դեբորա Գրիզերին՝ Հայաստանում USAID-ի գործունեության 25-ամյակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։ Բարձր գնահատելով կառույցի դերը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում՝ Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող երկու՝ Հայաստանի երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման և էլեկտրաէներգետիկական ազատ շուկայի բրոքերների պատրաստման ծրագրերի ընթացքը։ Նշվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և առանց խոչընդոտների։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտի մի շարք այլ ծրագրերի։ Քննարկվել են մասնավորապես ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման SCADA համակարգի ներդրման հետ կապված հարցեր։ Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ այժմ ընթանում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքներ։ Այդ ընթացքում որոշում կկայացվի նոր ատոմային էներգաբլոկի վերաբերյալ։
Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրին՝ Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ այն առաջնահերթություն է Հայաստանի համար և անպայման կիրականացվի։«Գծի կառուցումը պայմաններ կստեղծի Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան տարածաշրջանային միջանցքի ձևավորման համար»- ընդգծել է նախարարը։ Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև այլ հարցերի։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |