Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2017 14:16
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ ղեկավար. Մանրամեծածախ առևտրի օբյեկտների սեփականատերերն անվճար հաշվապահությունից օգտվելու հնարավորություն ունեն, սակայն հրաժարվում են ընձեռված հնարավորությունից

Արմինֆո. Մանրամեծածախ առևտրի օբյեկտների սեփականատերերն անվճար հաշվապահությունից օգտվելու հնարավորություն ունեն, սակայն հրաժարվում են ընձեռված հնարավորությունից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունանը՝ մեկնաբանելով «Առինջ մոլ» և «Սուրմալու» տոնավաճառների առևտրականների բողոքը խորհրդարանի մոտ, որտեղ ընթանում են ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումները:

 

Վարդան Հարությոունյանի խոսքով, չի կարելի, հանրահավաքների հետևում թաքնվելով, հարկեր չվճարել: Նրա խոսքով, օրերս հանդիպում է տեղի ունեցել առևտրականների հետ, որտեղ նրանց մանրամասն բացատրվել է շրջանառության հարկի վճարման կարգը: «Նրանց առաջարկվել է նույնիսկ անվճար հաշվապահություն, բայց նրանք հրաժարվել են դրանից»,-հայտարարել է ՊԵԿ ղեկավարը՝ ավելացնելով նաև, որ կան ունևոր անձինք, ովքեր շահարկում են մարդկանց դժգհությունը՝ օգտվելով նրանց նյութական դժվար վիճակից:

 

Նշենք, որ այսօր ՀՀ խորհրդարանի շենքի մոտ ընթանում «Առինջ մոլ» և «Սուրմալու» տոնավաճառների առևտրականների բողոքի ակցիան, ովքեր պահանջում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և ազատել իրենց ավելորդ թղթաբանական քաշքշուկից՝ համարելով այն լրացուցիչ հարկային բեռ: Ինչպես նշել են առևտրականները, հարկային ծառայության աշխատակիցները պահանջում են յուրաքանչյուր ներմուծված ապրանքի շարժի հետ կապված փաստաթուղթ ներկայացնել, ինչը, նրանց խոսքով, թղթաբանական քաշքշուկ է, և դա պահանջումկ է լրացուցիչ աշխատուժի ներգրավում: