Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2017 17:29
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու Ավստրալիան կարող են համագործակցություն հաստատել հանքարդյունաբերության ոլորտում

Արմինֆո. Ավստրալիայի Վիկտորիա նահանգի կառավարության հրավերով Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մելբուռնում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Բնական պաշարների պետական նախարար և գանձապետ Թիմ Պալլասի հետ:  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն,  քննարկվել են Հայաստանի ընդերքի օրենսդրության զարգացման և հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները:

 

Կողմերն անդրադարձել են ոլորտի կարգավորման ստանդարտներին, երկրաբանական երևակումների և ընդերքի շահագործման գործնական խնդիրներին՝ «պատասխանատու ընդերքօգտագործման» հիմնարար սկզբունքների համատեքստում: 

 

Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ընդերքօգտագործման ոլորտում մեր երկրում իրականացված նորամուծությունները, մասնավորապես՝ ընդերքի շահագործման լիցենզիաների տրամադրման պայման հանդիսացող հանքի ապագործարկման նախագծի և համապատասխան ֆինանսական երաշխիքների ներդրման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության գործընթացի և Հայաստանի երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման ու տեղեկությունների հասանելիությանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը:

 

Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մեհդի Կարբասիանի, GFG Alliance միջազգային կորպորացիայի գործադիր նախագահ Սանջեև Գուպտայի հետ: