Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017 11:44
Ալեքսանդր Ավանեսով

«Կասպերսկու լաբորատորիան՚ Ռուսաստանի, Հայաստանի և Մալայզիայի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ նոր թիրախային գրոհ է հայտնաբերել

Արմինֆո. «Կասպերսկու լաբորատորիան՚ Ռուսաստանի, Հայաստանի և Մալայզիայի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ նոր թիրախային գրոհ է հայտնաբերել, հաղորդել է «Պրայմը՚` վկայակոչելով ընկերության հաղորդումը: «Առաջին ալիքն սկսվել է  2017-ի հուլիսին, իսկ նորն իրականացվում է այժմ: Աննկատ լինելու և գաղտնի մնալու իր հատկության համար հարձակումը կոչվել է Silence (լռություն – խմբ.)՚, - հաղորդում է «Կասպերսկու լաբորատորիան՚: Ընկերության փորձագետների ասելով,  վարակումը կատարվում է թիրախային ֆիշինգային նամակների միջոցով, որոնք  .chm. ձևաչափի վնասակար հավելվածներ ունեն: Հաճախ նամակի տեքստը հաշիվ բացելու սովորական հարցման տեսք է ունենում, պարզաբանել են ընկերությունում: Նամակը բացելու արդյունքում վարակը ներթափանցում է կորպորատիվ ցանց և այն ուղարկողներին հնարավորություն ընձեռում ուսումնասիրելու ենթակառուցվածքը, ինչպես նաև հետևելու աշխատակիցներին, մասնավորապես`  մոնիտորների էկրաններին տեղադրված տեսախցիկների օգնությամբ: Տվյալների ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո հակերները կողոպուտ և դրամական փոխանցում են  իրականացնում:

 

«Բանկերի և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ գրոհները կիբեռհանցագործների համար հարստացման ամենաարդյունավետ եղանակներից մեկն է: Այն, որ Silence գրոհն արձանագրվել է արդեն մի քանի երկրում, խոսում է խմբի աճող ակտիվության մասին: Ընդ որում, չարագործները օգտագործում են օրինական վարչական գործիքներ` աննկատ մնալու նպատակով: Դա բարդացնում է գրոհի հայտնաբերումը՚, - նշել է «Կասպերսկու լաբորատորիայի ավագ հակավիրուսային փորձագետ Սերգեյ Լոժկինը, ում խոսքերը վկայակոչվում են հաղորդագրությունում: «Կասպերսկու լաբորատորիայի՚ մամուլի ծառայությունում ճտել են, որ նոր թիրախային գրոհի զոհ են դարձել Ռուսաստանի տասնյակ բանկեր: