Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վերոնշյալ հանձնաժողովի, ինչպես նաև Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ չնայած երկու երկրների տնտեսական հարաբերությունները աճի միտումներ ունեն, սակայն դեռ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ։
Աբդելբարի Ալ-Զիբարին, համաձայնելով նախարարի հետ, նշել է, որ իրենց նույնպես չեն բավարարում տնտեսական համագործակցության առկա ցուցանիշները և առաջարկել է մեկտեղել ջանքերը դրանց աճն ապահովելու հարցում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում։ Իրաքցի պաշտոնյան հավելել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի Երևանի փողոցներում ավելի շատ իրաքցի զբոսաշրջիկներ լինեն, քանի որ Իրաքի ժողովուրդը շատ լավ է վերաբերվում հայերին և բարձր է գնահատում հայկական հյուրասիրությունը։ «Իրաքի հայկական համայնքը ևս մշտապես առանձնացել է գործարար, մշակութային և այլ բարձր ունակություններով», - նշել է նա։
Իրաքցի խորհրդարանականները նախարար Կարայանին հրավիրել են Իրաք՝ տեղում քննարկելու երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 88.2 մլն դոլար, տարեկան անկումը`13%: Միևնույն ժամանակ, արտահանման ծավալները նվազել են 13.1%, կազմելով 88 մլն դոլար, իսկ ներմուծումը`2.8 անգամ, մինչև 201.9 հազար դոլար:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |