Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017 13:20
Ալեքսանդր Ավանեսով

Շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշ խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը

Արմինֆո. Շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշ խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը; Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 «Համաձայն Քաղաքաշինության պետական կոմիտեի ուսումնասիրությունների՝ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշ խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես՝ մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասովե,-նշել է վարչապետը:

Շինարարության ոլորտում վիճակագրության ամբողջականության ապահովման և տվյալների հավաքագրման իրական վիճակի արձանագրման նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել շինարարության ոլորտում առկա միտումները, զարգացումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ դրանց արձանագրման թերությունների վերացման վերաբերյալ։

Նշենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի 11-ին Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը գործադիրի ղեկավարն ընդգծել էր, որ կառավարությունն այսօր ջանքեր է գործադրում հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացման, շինարարության խթանման համար: «Արդեն իսկ մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր մայրաքաղաքում ու մարզերում և, այդ առումով, վիճակագրությունը, որ այս պահին ունենք, բավականին հետաքրքիր է և հուսադրող: Մենք պատրաստ ենք լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծել և՛ տնտեսության զարգացման, և՛ ներդրումների ապահովման նպատակով: Ցանկանում եմ ֆիքսել, որ շինոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք և համոզմունք ենք հայտնում, որ շինարարության տեմպերի աճի առումով ունենալու ենք առաջընթացե, - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, ունենք հետ ընկնող երկու ոլորտ՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը: «Մեր կանխատեսումներով, վստահ ենք, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճե, - նշել էր կառավարության ղեկավարը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թ. հունվար-սեպտեմբերին քաղաքաշինության ոլորտում կատարվել է 220.3 մլրդ դրամի աշխատանք, ինչը 6,4%-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակաշրջանից: