Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 17:22
Նաիրա Բադալյան

Նախարարը ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջև տրանսպորտի, կապի, ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավորությունները։ 

Կողմերը կարծիքներ փոխանակեցին Չինաստանի համար պետական կարևորություն ներկայացնող Մետաքսի ճանապարհի վերականգնման վերաբերյալ։ Անդրադարձ եղավ նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։ 

Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին: