Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017 20:15
Ալեքսանդր Ավանեսով

Գեղարքունիքի մարզպետն առաջարկել է Սարատովի մարզի հետ անցկացնել համատեղ բիզնես-ֆորում և ՏՏ-ֆորում

Գեղարքունիքի մարզպետն առաջարկել է Սարատովի մարզի հետ անցկացնել համատեղ բիզնես-ֆորում և ՏՏ-ֆորում

Արմինֆո. Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ռուսաստանի դաշնության Սարատովի երկրամասի նահանգապետի հրավերով  Սարատով քաղաքում գտնվող Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նահանգապետ Վալերի Ռադաևը։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից, հանդիպման մեկնարկում նահանգապետ Վ․ Ռադաևը շնորհակալություն է հայտնել Կարեն Բոթոյանին հրավերն ընդունելու համար, հավելելով, որ դեռևս հոկտեմբեր ամսին Հայաստան կատարած այցի ընթացքում Կարեն Բոթոյանի հետ ստորագրված երկու մարզերի համագործակցության հուշագիրը լայն հնարավորություններ է ստեղծում երկու սուբյեկտների միջև փոխշահավետ համագործակցություն սկսելու  համար։

Պատասխան խոսքում Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Սարատովի երկրամասի նահանգապետին ջերմ ընդունելության համար, հայտնելով,    նախանշված ոլորտներում ակտիվ փոխգործակցություն  ծավալելու իր վճռականության մասին:

Քննարկումների առանցքում եղել են մասնավորապես մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության  հեռանկարները: Երկուստեք հետաքրքրություն է ցուցաբերվել երկկողմանի առաջարկներն ավելի մասնագիտական քննարկման ենթարկելու  նպատակով ապագայում աշխատանքային խումբ ստեղծելու հարցում: Կողմերը կարևորել են երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գործում Սարատովի երկրամասի հայ համայնքի դերը:

Հանդիպման ավարտին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներն ի դեմս քաղաքապետեր Արամ Հարությունյանի և Արմեն Ավետիսյանի, համագործակցության հուշագրեր են ստորագրել Սարատովի երկրամասի համապատասխանաբար  Կրասնի Կուտ և Վոլսկ  քաղաքների իրենց գործընկերների հետ: 

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Կարեն Բոթոյանը ներկա կգտնվի նաև համայնքի կողմից կազմակերպված «Միշտ  հին ու նոր իմ Հայաստան» խորագիրը կրող համերգին, այն կազմակերպվում է երկրամասում հայկական մշակույթի օրերի շրջանակներում: