Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 9 ամսում ապահովել է շուրջ 394 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 34,4 մլրդ դրամով կամ 9,6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից, 2016թ. 9 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 7,9 մլրդ դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 20,3 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,6 մլրդ դրամ կամ 17,8 տոկոս:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր գերատեսչության ղեկավար Վարդան Հարությունյանը, 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ապահովել է 860.5 մլրդ դրամի հարկային եկամուտները, ԱԱՀ-ի վերադարձի գումարի հետ միասին: Հարկերի գծով աճը կազմել է 6.7%, մաքսատուրքերի գծով`18.3%: Ընդհանուր առմամբ, ըստ Հարությունյանի, հարկերի գծով բյուջետային ցուցանիշը կապահովվի: «Մենք հետ չենք մնում պլանավորված ցուցանիշներից, 9 ամիսների արդյունքներով մենք ապահովել ենք այնքան հարկային եկամուտներ, որքան անհրաժեշտ է», - հայտարարել է նա: Արդյունքում, տարվա 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտների աճը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4%: 640,7 մլրդ դրամն ապահովվել է հարկային, իսկ 219,7 մլրդ.դրամը` մաքսային մարմինների կողմից:
Նշենք, որ երկրի 2017-ի բյուջեով ՀՆԱ-ի անվանական աճը նախատեսվում է 5% կամ 5.405 տրլն դրամ: Ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 210 մլրդ դրամ (եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը`22.4%), որից հարկային մուտքերը կկազմեն 1 տրլն. 135 մլրդ դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 360 մլրդ դրամ (ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը՝25.2%), իսկ դեֆիցիտը կկազմի 150 մլրդ դրամ (դեֆիցիտի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը՝ 2,8%): Համաձայն բյուջետային հաղորդագրության `հաջորդ տարի պետական գանձապետարանի եկամուտները կավելանան 100 մլրդ դրամով, հիմնականում հարկային եկամուտների հաշվին, 2018 թվականին Հայաստանի կոնսոլիդացված բյուջեն կկազմի 1,307.3 մլրդ դրամ (առանց բյուջետային փոխանցումների):