Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017 12:03
Ալեքսանդր Ավանեսով

Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին

Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին

Արմինֆո.Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի (China Council for the Promotion of International Trade)  կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի պետական և մասնավոր մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտի բարեփոխումները և գրավչությունները:  Մասնակիցներին ներկայացվել են ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, արդյունաբերության տարբեր ճյուղերի, մասնավորապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում: Հրանտ Աբաջյանն անդրադարձել է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագրին և գոտու պոնտենցիալ ներդրողներին ընձեռվող հնարավորություններին:

 

Չինացի ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացված մի շարք ծրագրերի հանդեպ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագայում ավելի մանրամասն քննարկումներ անցկացնել:

 

Հանդիպման վերջում մասնակիցներին ներկայացվել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստված Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող հոլովակները:

ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանի միջազգային առևտրի խթանման խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, շուտով Հայաստանի մասին տեղեկատվական տեսահոլովակ կտեղադրվի հայտնի կազմակերպության կայքէջում՝ մեր երկրի ներդրումային ներուժի և տնտեսության մասին տեղեկատվությունը ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնելու նպատակով: