Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել է հյուրին բանկի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ պետական համակարգում, ինչպես նաև մասնավոր հատվածում պարոն Բելյանինովն իր երկարամյա և հարուստ փորձը կծառայեցնի եվրասիական տարածքում բանկի դերի ամրապնդմանն ու մասնակից պետություններում նոր զարգացման ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման Հանրապետության Նախագահը և Անդրեյ Բելյանինովը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության խորացման, ներդրումների ներգրավման ու բանկի զարգացման հեռանկարները:
Նշելով, որ հայաստանյան իր այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետի ու ֆինանսների նախարարի հետ և բավականաչափ տեղյակ է Հայաստանի տնտեսության զարգացման տպավորիչ տեմպերի մասին, Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահն ընդգծել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը:
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկից Հայաստանին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելը ներկայումս կազմում է 490 մլն դոլար: Բացի $ 300 մլն-ից, որը հատկացվել է աջակցելու բյուջետային բարեփոխումներին, ԵԱԶԲ-ն Հայաստանին տրամադրել է $ 150 մլն, «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման նպատակով, ինչպես նաև $ 40 մլն, ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին: ԵԱԶԲ-ն համաձայնագիր է կնքել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ, 100 մլն.դոլարի վարկային գիծ բացելու մասին: Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2006 թվականի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից հիմնված միջազգային ֆինանսական հաստատությունն է, խթանելու նպատակով իր անդամ-պետությունների շուկայական տնտեսություններին և դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման ընդլայնմանը: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ.դոլար: Բանկի անդամ երկրներն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: