Արմինֆո. 2018թ.-ի հունվարի 09-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 10,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 100,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.0% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMAMRBB28ER8) բորսայում կշրջանառվեն AMRBB8 բորսայական հապավմամբ:
Նշենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տվյալներով 2018 թվականի հունվարի 9-ի դրությամբ բորսայում (տվյալ թողարկման հետ միասին) շրջանառվում են 12 թողարկողների 43 թողարկումները, որից 37-ը թողարկել են բանկերը` Ամերիաբանկ, Արարատբանկ (8 թողարկում), Արմսվիսբանկ (6) Անելիք Բանկ (5), Յունիբանկ և Հայբիզնեսբանկ (3) Կոնվերս բանկ (2), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ և Սևծովյան բանկ`մեկական թողարկում: Շրջանառվող պարտատոմսերի ընդհանուր ծավալներում դոլարային թողարկումները կազմել են 28, որից 25-ը`8 բանկերի կողմից`Արարատբանկ (6), Ամերիաբանկ (5), Արմսվիսբանկ (4), Անելիք Բանկ (4), Հայբիզնեսբանկ և Յունիբանկ (2), Կոնվերս Բանկ և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ`մեկական թողարկում: Բացի այդ, բորսայում շրջոնառվում են եվրոյով 2 տրանշները`Ամերիաբանկից և Արմսվիսբանկից: Բորսայում շրջանառվում են նաև Ազգային հիփոթեքային ընկերության 3 թողարկումները, ինչպես նաև «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն և «Ֆինքա» ՈՒՎԿ-ների 2-ական թողարկումները:
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%: