Հինգշաբթի, 25 Հունվարի 2018 13:04
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը շահագրգռված է Էստոնիայի հետ էլեկտրոնային կառավարման և ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնմամբ

Հայաստանը շահագրգռված է Էստոնիայի հետ էլեկտրոնային կառավարման և ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնմամբ

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ:

Վարչապետներն  անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ այս համատեքստում կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները: Էստոնիայի վարչապետը ներկայացրել է իր երկրի հարուստ փորձն այդ բնագավառում՝ նշելով, որ Էստոնիան բավականին երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ փորձով: «Մենք նախատեսում ենք բավականին մեծ ծրագրեր իրականացնել այս ոլորտում, հետաքրքրված ենք ձեր փորձով և խորապես շահագրգռված ենք այստեղ համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հարցումե, - ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս համատեքստում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Յուրի Ռատասին՝ Էստոնիայի կողմից Հայաստանին սատարելու համար:

Կարեն Կարապետյանը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը վճռական է շարունակելու մեկնարկած բարեփոխումները մի շարք ոլորտներում, իսկ ստեղծված գործարար և ներդրումային միջավայրը հետաքրքիր կարող է լինել նաև էստոնացի գործարարների համար: