
Արմինֆո.Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա կգործարկվի նաև 5.95 մՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ. ընդ որում՝ սա ջրամբարով ՀԷԿ-ի կառուցման առաջին դեպքն է անկախ ՀՀ-ի և ԱՀ-ի պատմության մեջ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարարի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով, ջրամբարը կիրառվելու է նաև ձկնաբուծության և ոռոգման նպատակներով: Ուշագրավ է, որ սեփականատերն օտարերկրյա ներդրող է, ով նախագծի վրա ծախսել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող գումար:
Դրանից բացի, օրեր առաջ պետական նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Սարսանգ-Մատաղիս հատվածում չորս նախագիծ է իրականացվելու, որոնց շրջանակներում ջրամբարներ են կառուցվելու՝ հիդրոէներգետիկայի, ոռոգման և ձկնաբուծության նպատակներով: Այդ նախագծերի արժեքն անցնելու է 100 միլիոն դոլարը, որի զգալի մասը ներդրվելու է օտարերկրյա ընկերությունների կողմից:
Արտակ Բեգլարյանը նաև տեղեկացրել է, որ 2018 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել 6 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 28.5 մՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 161.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքով: Ներկայումս Արցախում գործում է 16 ՀԷԿ, որոնց արտադրությունը 2017թ.-ին կազմել է 327,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ընդհանուր սպառման ծավալները հանրապետությունում կազմել են 351,1 մլն կՎտ/ժ: Պլանավորվում է մի քանի տարում սեփական արտադրանքը հասցնել ավելի քան 800 մլն կՎտ/ժ-ի, և դա այն դեպքում, երբ 10 տարի առաջ այն չէր գերազանցում 90 մլն կՎտ/ժ-ը:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

