Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018 17:01
Ալեքսանդր Ավանեսով

Իրանն ու Հայաստանը մտադիր են վերջնական տեսքի բերել Մեղրիի ՀԷԿ կառուցման ծրագիրը

Իրանն ու Հայաստանը մտադիր են վերջնական տեսքի բերել Մեղրիի ՀԷԿ կառուցման ծրագիրը

Արմինֆո. Ամենամոտ ժամանակները Հայաստան կայցելի Իրանի պատվիրակությունը, որը հայ գործընկերների հետ միասին մտադիր է վերջնական տեսքի բերել Արաքս գետի վրա սահմանամերձ ՀԷԿ կառուցման ծրագիրը: Փետրվարի 12-ին  լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նրա ասելով, իրանական կողմը մեղավոր չէ ՀԷԿ շինարարության ժամկետների մշտական հետաձգման համար: «Էներգետիկայի այդ օբյեկտը պետք է գործարկվեր դեռ ընթացիկ տարվա հունվարի վերջին: Ուշացման համար մեղավորը մենք չենք, ոչ էլ` Հայաստանի կառավարությունը՚, - ասել է դեսպանը, ողջ պատասխանատվությունը դնելով այն ընկերությունների վրա, որոնք պետք է իրագործեին նախագիծը: Դիվանագետը հավելել է, որ երկու երկրների կառավարությունները միշտ լավ են աշխատել այդ ուղղությամբ:

Մեղրիի ՀԷԿ-ը համարվում էր ամենահեռանկարային հայ-իրանական նախագիծը: Թեև կողմերն ընդհուպ ձեռնամուխ էին եղել նախագծի եզրափակիչ փուլին և հայտարարել էին 2012 թվականի նոյեմբերին շինարարության մեկնարկի մասին, առ այսօր աշխատանքները չեն սկսվել` պատժամիջոցների պատճառով Թեհրանի նվազած հնարավորությունների առնչությամբ: Նախագծի իրագործման դեպքում կայանը կդառնա խոշորագույնն Անդրկովկասում: Ըստ նախագծի, շինարարությունը 323 մլն դոլարի չափով կֆինանսավորի Իրանական ներդրումային ընկերությունը: Հայաստանը նախագծի իր մասի դիմաց կվճարի ՀԷԿ-ում արտադրվելիք էլեկտրաէներգիայով,  իսկ 15 տարի անց ՀԷԿ-ը կհանձնվի հայկական կողմին:

Քանի դեռ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մեռյալ կետից չեն շարժվում, պատժամիջոցների չեղարկումից հետո կտրուկ աշխուժացել են Թեհրանի և Բաքվի միջև տնտեսական կապերը: Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի հետ երկու ՀԷԿ-երի համատեղ կառուցման օրինագծին, որն առնչվում է Արաքս գետի մոտ Իրանի Մրազադ և Արդբեջանի Օրդուբադ քաղաքներում ՀԷԿ-երի կառուցմանը:

ԱրմԻնֆո գործակալությունը հաղորդել էր, որ  այդ նախագծի իրագործման դեպքում ջրի ծավալը կարող  է չբավարարել Մեղրիի ՀԷԿ համար: Ավելի վաղ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը  հայտարարել էր, որ էկոլոգիական խնդիրների առնչությամբ, որոնք առնչվում են Արաքսի ջրի ծավալի նվազմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային մասում Թուրքիայի կողմից ջրառին, հարկ է եղել  վերանայել այդ նախագիծը`  հզորության նվազեցման առումով: Եթե ի սկզբանե նախատեսվում էր կառուցել երկու  կայան (Մեղրիում և Ղարաչիլարում (Իրան)` յուրաքանչյուրը 130 ՄՎտ և տարեկան շուրջ 850 մլն կՎտ ընդհանուր արտադրությամբ, ապա այժմ դիտարկվում է 100 ՄՎտ հզորության տարբերակը: Այդ առնչությամբ փոխվել է նաև թունելի տրամագիծը, որով անցնելու է ջուրը երկու ՀԷԿ-երի միջև: