Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018 17:04
Ալեքսանդր Ավանեսով

Փոխնախարար. Իրանական կողմն առ այսօր գազի ընդունելի գնի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացրել

Փոխնախարար. Իրանական կողմն առ այսօր գազի ընդունելի գնի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացրել

Արմինֆո. Իրանական կողմն առ այսօր գազի ընդունելի գնի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացրել: Փետրվարի 13-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար  Հայկ Հարությունյանը` մեկնաբանելով Հայաստան գազի ուղիղ մատակարարումներ սկսելու իրանական կողմի ցանկության մասին Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քյազեմ Սաջադիի հայտարարությունը:

 

«Իրանական կողմը մշտապես հայտարարում է Հայաստան իր գազի արտահանման ծավալները  մեծացնելու պատրաստակամության մասին: Այդ հարցը քննարկվում է, և ես ակնկալում եմ, որ առաջիկայում զգալի առաջընթաց ձեռք կբերվի այդ նախագծի առնչությամբ: Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում փոքր-ինչ ակտիվանա, ապա, կարծում եմ, զգալի քայլեր կձեռնարկվեն, և դա թույլ կտա Հայաստանում ստեղծել նոր աշխատատեղեր՚, - նշել է Սեյեդ Քյազեմ Սաջադին:

 

Մինչդեռ, ինչպես կարծում է Հայկ Հարությունյանը, Իրանը Հայաստան գազ է մատակարում «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց՚ գործարքի շրջանակում` 1 խմ գազ 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց հաշվարկով: Այդ ծրագրի շրջանակում, ինչպես կարծում է փոխնախարարը, ոչ մի սահմանափակում չկա: Ավելին, ընթացիկ տարում նախատեսվում է զգալիորեն ավելացնել Իրանից գազի մատակարարումների ծավալները: 2017 թվականին Իրանից առաքվել է 382,7 մլն խմ գազ, Ռուսաստանից` 1,996 մլրդ խմ: Ընդ որում, Ռուսաստանից գազի մատակարարումների ծավալները նախորդ տարի ավելացել են 7 տոկոսով, Իրանից` 2,9 տոկոսով:

 

Ինչ վերաբերում է ԻԻՀ-ից գազի ուղիղ մատակարարումներին, ապա այստեղ հարցն առնչվում է գնին: «Իրանական կողմից մինչ օրս գազի ավելի մատչելի գնի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել: Երբ ստացվի ավելի մրցունակ գին, այն ժամանակ հարցը կքննարկվի՚, - ընդգծել է փոխնախարարը, հավելելով, որ միայն հունվարին գազի դիմաց Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալներն  ավելացել են 104 տոկոսով: