Ուրբաթ, 16 Փետրվարի 2018 18:57
Ալեքսանդր Ավանեսով

Քննարկվել են իսրայելական Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի հետ համագործակցության հարցերը

Քննարկվել են իսրայելական Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի հետ համագործակցության հարցերը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր հյուրընկալել է Իսրայելի Պետության Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի նախագահ Ժոզեֆ Շեվելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է ուսումնասիրել  Իսրայելի առաջավոր փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առումով և  ուրախ են քննարկել համագործակցության հնարավորությունները:

Ժոզեֆ Շեվելը, ներկայացնելով իր ղեկավարած կրթական հաստատությունը, նշել է, որ համագործակցության համաձայնագրեր ունեն աշխարհի մի շարք  երկրների, մասնավորապես Չինաստանի, ամերիկյան թվով 34 պետությունների հետ և իրենց  առաջարկած ուսուցման ծրագրերի շնորհիվ այդ երկրներին հաջողվել է զգալի աճ և առաջընթաց արձանագրել գյուղատնտեսության ոլորտում:  Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտը Հայաստանում համագործակցում է «Սպայկա» ընկերության հետ:

Հանդիպման ընթացքում պարոն Շեվելը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին առաջիկայում Իսրայել կատարելիք այցի շրջանակում լինել նաև Գալիլեե իստիտուտում` տեղում համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:

Որպես առաջին քայլ` Ռոբերտ Մակարյանը խնդրել է հյուրին նախարարություն ներկայացնել ուսուցման, վերապատրաստման ծրագրերի ուղղությունների, դրանց ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկ` հետագա համագործակցության հնարավորություններն  առավել հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով: