Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018 15:08
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Ֆրանսիա

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Ֆրանսիա` Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին և գյուղատնտեսության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժինը, համաժողովը, որին մասնակցելու են մոտ 20 երկրների գյուղատնտեսության նախարարներ, կկայանա փետրվարի 23-ին «Արժեքների ստեղծում և բաշխում գյուղատնտեսական սննդի շղթայում» խորագրի ներքո: Կքննարկվեն ֆերմերների շահույթի ավելացմանը և եկամուտների բաշխմանը, սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր:

Նույն օրը կկայանա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Ստեֆան Տրավերի հետ:

Նախատեսվում է նաև նախարարի հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Այցի շրջանակում նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի նաև Փարիզում կայանալիք գյուղատնտեսության միջազգային ցուցահանդեսին:-