Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:
Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաև ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը:
ԱՄՀ մշտական ներկայացուցիչը վարչապետին է ներկայացրել հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Յուլիա Ուստյուգովան վստահություն է հայտնել, որ նոր կառավարության հետ համատեղ ԱՄՀ-ն կկարողանա արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: ԱՄՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և ընդգծել, որ մեր երկիրն այս առումով կարելի է համարել օրինակելի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության ծրագրով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հարկային և մաքսային վարչարարության բարելավման, կենսաթոշակային համակարգի ուղղությամբ նախատեսվող բարեփոխումների, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:
Նշենք, որ ԱՄՀ-ն իր ապրիլյան զեկույցում կանխատեսում է 2018 թ. Հայաստանի տնտեսության մինչև 3,4% աճ, իսկ 2019 թ.՝ 3,5%: Հայաստանի պետբյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2018 թ. նախատեսված է 4,5 %-ի չափով, իսկ ինֆլյացիան՝ 4% (+1,5%):
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |