Արմինֆո.Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) առողջապահության, սնուցման և բնակչության հարցերով գլոբալ պրակտիկայի տնօրեն Ֆադիա Սաադահին: Վերջինս Հայաստանում է՝ ծանոթանալու ՀԲ ընթացիկ ծրագրերի և ոլորտում բարեփոխումների ընթացքին, նաև քննարկելու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ապագա աջակցության հեռանկարները:
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ գործակցության մակարդակը, նաև անդրադարձել ՀԲ կողմից կազմվող զեկույցներում ու վարկանշային աղյուսակներում տարբեր ցուցանիշերի գծով Հայաստանի զբաղեցրած հորիզոնականներին ու դրանք բարելավելու հարցերին:
Ֆադիա Սաադահը հետաքրքրվել է այն առաջնահերթություններով, որոնք առողջապահական գերատեսչությունը շեշտադրում է իր քաղաքականության մեջ, ապա և այն ծրագրերով, որոնցում ակնկալվում է բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:
«Եկող տարվա առողջապահության ոլորտի բյուջետային ուղղակի հատկացումների «առյուծի բաժինը» հատկացվելու է առողջապահության առաջնային օղակին, քանի որ մեզ համար գերակա է հիվանդությունների կանխարգելումը: Այս նպատակով նաև քննարկում ենք սքրինինգային որոշ ծրագրերի ներդրումը, շեշտադրում ընտանեկան բժշկության ինստիտուտի «վերակենդանացումըե: Ծխելու դեմ պայքարն ամրագրում ենք օրենքով, և այս աշնանն արդեն օրենքի նախագծի լրամշակված տարբերակը կուղարկենք խորհրդարան»,-փոխանցել է նախարար Թորոսյանը:
Կողմերը պայմանավորվել են հետագա հանդիպումների միջոցով առավել սերտացնել գործակցությունն ու նոր թափ հաղորդել իրականացվող համատեղ քայլերին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |