Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից վերջին 2 ամիսների ընթացքում հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք, որից 22-ը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության, իսկ 22-ը՝ վարչական բնույթի մաքսային իրավախախտումների մասով:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրման 18 դեպքը բացահայտվել է փոստային առաքանիներում, իսկ 4 դեպքը՝ ՀՀ պետական սահմանը հատող անձանց մոտ կամ նրանց ուղեկցող ուղեբեռներում: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց, հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող 1841 դեղահաբ, «ԼՍԴ» տեսակի հալուցինոգեն թմրանյութի պարունակությամբ 11 բլոտտեր, էլեկտրոնային սիգարետների համար նախատեսված հաշիշի յուղի պարունակությամբ 31 մուշտուկ, «կանեփ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ քաղցրավենիքներ, «մարիխուանա» և «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ:
Վերջին 2 ամիսներին մաքսային կանոնների խախտման 12 դեպքով հայտնաբերվել են սխալ հայտարարագրված, չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված 118 բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների 354 աքսեսուարներ, 5 կգ տարբեր տեսակի դեղամիջոցներ, 4,4 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, 43 կգ կենդանի խեցգետին, ինչպես նաև ՌԴ-ից ներմուծված 220 լիտր տարողությամբ 112 մետաղական տարա` ավտոմեքենաների քսայուղերի պարունակությամբ, որոնք, սակայն, հայտարարագրվել էին որպես քսայուղերի հավելանյութ` օրենքով սահմանված ակցիզային և բնապահպանական հարկերը չվճարելու նպատակով:
Մաքսային կանոնների խախտման 10 դեպք հայտնաբերվել է նաև Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում: Խախտումները, մասնավորապես կապված են եղել մաքսային հսկողության տակ գտնվող, այդ թվում` «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված տրանսպորտային միջոցները հայտարարատուների կողմից այլ անձանց փոխանցելու կամ սահմանված ժամկետում նշանակման մաքսային մարմին չհասցնելու հետ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |