Արմինֆո.Նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Սոպինին: Հանդիպմանը ներկա էր նաև Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին, և Հայաստանում ստեղծվում են առավալագույնս բարենպաստ պայմաններ ներդրումներ կատարելու համար:
Նշենք, որ համաձայն ՌԴ տարբեր ռեգիստրների, «Էկոթէհպրոմ» ՍՊԸ-ն միջին ձեռնարկությունների կատեգորիային պատկանող ձեռնարկություն է: Ռուսական «Կենտրագենտի» ծառայությունը նշում է, որ ընկերությունն զբաղվում է մեծածախ, ոչ մասնագիտական առևտրով, բնակելի և ոչ բնակելի շենքերի և այլ կառույցների շինարարությամբ: Ընկերությունը գրանցվել է ՌԴ հարկային ծառայությունում 2016 թ. սեպտեմբերին, որի կանոնադրական կապիտալը կազմում է ընդամենը 10 հազար ռուբլի: Ընկերության հայտարարված հիմնական գործունեությունը ներդրումային ֆոնդերի և նմանատիպ ֆինանսական կազմակերպությունների գործունեությունն է:
Սերգեյ Սոպինը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ մտադրված են Հայաստանում խոշոր ներդրում կատարել և ստեղծել արդյունաբերական համալիր, որը կարտադրի կալցինացված սոդա, կերակրի ու տեխնիկական աղ, և ապակիներ, իսկ արտադրանքը կարտահանվի Ռուսաստան և այլ երկրներ:
Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Էկոտեխպրոմի» և «Բիզնես Արմենիայի» միջև: Ըստ փոխընբռնման հուշագրի՝ «Էկոտեխպրոմը» մտադրված է կատարել 285 - 340 մլն ԱՄՆ դոլարի ներդրում Հայաստանում և կառուցել արդյունաբերական համալիր: Համալիրի նախագծման աշխատանքները կսկսվեն 2019թ. և ավարտին կհասցվեն 2022թ.: Երեք գործարանից կազմված արդյունաբերական համալիրը կզբաղեցնի 100 հեկտար տարածք, և արդյունքում կստեղծվի շուրջ 1100-1200 աշխատատեղ։
Ստորագրման արարողությունից հետո Տիգրան Ավինյանը նշեց, որ հատկապես մյուս տարվանից նմանատիպ խոշոր ծրագրերը երկրում գնալով ավելանալու են: Նա ասաց, որ ներդրումային միջավայրը Հայաստանում զգալիորեն բարելավվել է և շարունակելու է բարելավվել հարկային քաղաքականության բարեփոխումների, բյուրոկրատական խոչընդոտների վերացման և այլ միջոցառումների շնորհիվ: