Արմինֆո.Հայաստանի համար ռուսական գազի բացառիկ գնի դարաշրջանն ավարտվում է, այդպիսի կարծիք է հայտնել <Նորավանք> գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Արա Մարջանյանը՝ ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով ռուսական գազի գնի՝ հազար խմ դիմաց $150-ից մինչև $165 բարձրացման հնարավորությունը:
Փորձագետի խոսքով, վերջին 20 տարում Հայաստանը ռուսական գազ է ստացել աշխարհի ամենացածր գներից մեկով: Դա հնարավոր է դարձել՝ Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության անդամակցության և Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների շնորհիվ: <Եթե չլիներ այդ անդամակցությունը, գազի գինը շատ ավելի բարձր կլիներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: <Առանձին քննարկում պահանջող այլ հարց է, թե ինչպես է Հայաստանը օգտագործել վերջին 20 տարիներին գեներացված շուրջ $100 մլն գումարը>,- ասել է Արա Մարջանյանը:
Նա նաև կասկած է հայտնել հանրապետության ներքին շուկայում գազի սակագնի աճի հնարավորության առնչությամբ՝ չբացառելով սցենարը, երբ գազի գինը վերջնական սպառողների համար կարող է աննշան բարձրանալ արդյունաբերական հատվածի համար: <Խնդիրն այն է, որ ելնելով գնագոյացման մեխանիզմներից՝ բոլորը գիտեին գազի գնի սպասվող փոփոխությունների մասին, բայց ինչպես դա կանդրադառնա վերջնական սպառողի վրա, դեռ պարզ չէ>,- ընդգծել է Արա Մարջանյանը:
Նա նաև կասկած է հայտնել իրանական գազի՝ հազար խմ դիմաց $160 գնով ձեռքբերման առնչությամբ: <Թեհրանը երբեք ոչ մի տեղ իր գազի գինը չի նշել, այդ հարցը որևէ պաշտոնական փաստաթղթում ամրագրված չէ>,- ընդգծել է փորձագետը:
Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ Երևանը շարունակում է գազի գնի շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ: «Ի՞նչ պարտության մասին եք դուք խոսում՚, - արձագանքել էր Փաշինյանը, մեկնաբանելով սոցցանցերի օգտատերերի կարծիքները, որոնք գազի սակագնի բարձրացումը համարում են «նոր իշխանությունների պարտություն՚: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր, որ բանակցությունները շարունակվում են` երկարաժամկետ լուծումների հասնելու նպատակով: Նրա համոզմամբ, գազի գինը չի կարելի դիտարկել քաղաքական ենթատեքստում: «Մենք կշարունակենք բանակցությունները և կարտահայտենք մեր տեսակետը, ամեն ինչ կանենք մեր երկի շահերը պաշտպանելու համար՚, - ասել էր վարչապետի պաշտոնակատարը: Խոսելով գազի գնի վերջին բարձրացման մասին` Փաշինյանը վերստին նշել էր, որ Հայաստանի սահմանին գազի գնի բարձրացումը չի անդրադառնա վերջնական սպառողի համար սակագնի վրա:
Դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ սահմանին ռուսական գազի սակագինը կվերանայվի, սակայն Հայաստանի բնակչության համար ներքին սակագները չեն փոխվի:
Ավելի ուշ «Գազպրոմի՚ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ 2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար վերանայվել է և կկազմի 165 դոլար 1000 խմ դիմաց: Մինչ այդ սահմանին ռուսական գազի գինը 150 դոլար էր: Երկրի ներսում սպառողը 1000 խմ դիմաց արդեն վճարում է 290 դոլար, 10 000 խմ ավելի գազ սպառողները վճարում էին 242 դոլար, ջերմատներն ու վերամշակող ձեռնարկությունները` 212 դոլար: