Արմինֆո.ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ որոշել է քննարկման և հետագա քվեարկության դնել մի բանաձև, որը դատապարտում է մի քանի ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վերացնելու Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագիրը, որոնց թվում են նաև Օլեգ Դերիպասկային պատկանող En+, UC Rusal և Evrosibenergo ընկերությունները, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պատժամիոցները տարածվել են նաև UC Rusal-ի կառուցվածքում ներառված Երևանի «Արմենալ՚ գործարանիվր, որը ոչ միայն ԱՄՆ, այլեւ Եվրամիության երկրներ պատրաստի արտադրանքի խոշորագույն արտահանող է: ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թվի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հնամեմատ կրճատվել է 12 տոկոսով` մինչև 26714 տոննա: Վիճակագրական տվյալների համաձայն, միայն նոյեմբերին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը կրճատվել է 9,7 տոկոսով` մինչև 2004 տոննա:
Սակայն, եթե բանաձևն ընդունվի Կոնգրեսի երկու պալատներում, Դերիպասկայի ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները կմնան ուժի մեջ: Վերը նշված բանաձևի օգտին քվեարկել է 57 սենատոր, դեմ` 42-ը: Հանրապետականները, որոնք, հիմնականում, հակված են սատարել Թրամփի նախաձեռնությունը, պալատում ունեն 53 աթոռ` 47 դեմոկրատների դիմաց: Կոնգրեսի ստորին պալատում, ի տարբերություն Սենատի, մեծամասնություն են կազմում դեմոկրատները, որոնց մեծ մասը եռանդուն կերպով պաշտպանում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Նախօրեին Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հանրապետականներին կոչ է արել հրաժարվել ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանափակումները վերացնելու վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի որոշումը պաշտպանելուց, հաղորդում է Reuters-ը: «Հիմա ժամանակը չէ հրաժարվելու Ռուսաստանի կառավարության նկատմամբ ներգործության աղբյուրից՚, - հայտարարել է Շումերը: Սենատում դեմոկրատների առաջնորդը նշել է, որ 2016 թվականի ընտրություններին ռուսական միջամտությանն առնչվող քննությունը դեռ չի ավարտվել, իսկ փաստաթղթերից հետևում է, որ Դերիպասկան կապեր է ունեցել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախըտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի հետ:
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբեր 19-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Դերիպասկայի ակտիվների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշման մասին, որը, գերատեսչության ղեկավար Սթիվեն Մնուչինի ասելով, Կրեմլին աջակցություն չէ և քաղաքական շարժառիթներ չունի, և Դերիպասկայի նկատմամբ պատժամիջոցները պահպանվում են: