Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական բաժնի գլխավոր տնտեսագետ Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) օրենսդրական փաթեթի մշակմանն առնչվող հարցեր։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Խաչատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է օրենքի մշակման մանրամասներին, ինչպես նաև առնչվող այլ իրավական փաստաթղթերին, քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել ՊՄԳ համակարգման գործընթացի վերաբերյալ։
Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսը բարձր է գնահատել համագործակցությունը և նշել, որ մեծ հաճույքով և արդյունավետությամբ են աշխատել նախարարության՝ ՊՄԳ օրենսդրական փաթեթի մշակման համար պատասխաատու թիմի հետ, որը ղեկավարում է նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
Ներկայացվել է օրենսդրական փաթեթի մշակման և ընդունման ճանապարհային քարտեզը։ Կողմերը հաստատել են, որ գործընթացն անհրաժեշտ է ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առաջիկա ամիսների ընթացքում։
ԱԶԲ թիմը նախարարի հետ քննարկել է նաև մասնագետների պատրաստման և կարողությունների ձևավորմանն առնչվող խնդիրները՝ առաջարկելով լուծման մի քանի տարբերակներ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը նախարարության և առաքելության միջև:
Անցյալ տարվա վերջին ԱրմԻնֆո գործակալությունը, վկայակոչելով Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսին, հաղորդել էր ԱԶԲ 50 մլն դոլարի վարկի հաստատման մասին, որը կուղղորդվի Հայաստանում ֆինանսական բարեփոխումների խթանմանը, այդ թվում` պետական պարտքի կառավարման, ֆինանսական ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ հանրապետությունում ֆինանսական շուկաների զարգացմանը: ԱԶԲ-ն իրականացնում է «Հասարակական արդյունավետության և ֆինանսական շուկաների» ծրագիրը, որի շրջանակում 2017 թվականի հոկտեմբերին Բանկը Հայաստանին տրամադրել է 40 մլն դոլար: Ծրագրի երկրորդ մասի շրջանակում ԱԶԲ-ն կօժանդակի կառավարության` ֆիսկալ բարեփոխումների համախմբմանը, տնտեսության մեջ ֆինանսական ռիսկերի նվազեցմանը, ֆինանսական շուկաների զարգացման համար կայուն հիմքի ստեղծմանը եւ ենթակառուցվածքների զարգացման գործում մասնավոր հատվածի մասնակցության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերին: «ԱԶԲ-ն ձգտում է օգնել Հայաստանի կառավարությանը բարելավել տնտեսական աճը եւ ֆինանսական կայունության հեռանկարները` քաղաքականության եւ տեխնիկական օժանդակության միջոցով», - ասել էր Ժոաո Ֆարինժա Ֆերնանդեսը:
ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ հանագործակցում է 2005 թվականից: Բանկը հաստատել է 1.37 միլիարդ դոլարի 28 վարկ եւ 15.7 միլիոն դոլարի տեխնիկական դրամաշնորհներ: