Արմինֆո.Վերամշակող արդյունաբերության արժեշղթայի ընդլայնումը Հայաստանում առկա արտադրական կարողությունների ընդլայնման զգալի հնարավորություն է։ Այդ մասին ասվում է կառավարության ծրագրում
Փաստաթղթի համաձայն՝ ինչպես առկա, այնպես էլ դրանց հարակից ճյուղերում առկա է ուղղահայաց և հորիզոնական ընդլայնման, արտադրության ծավալների, արտահանման և զբաղվածության ավելացման մեծ ներուժ։ Վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերում զարգացման խոչընդոտները հաճախ ունեն առանձնահատուկ բնույթ և չեն բնորոշվում ընդհանրական նկարագրով։ Առկա խնդիրները վերհանելու, դրանց համապատասխան լուծումներ գտնելու և Կառավարության աջակցությունը ճիշտ թիրախավորելու նպատակով իրականացվելու են ոլորտային ուսումնասիրություններ՝ այդ խնդիրները կրճատելու նպատակով։
Կառավարությունը քննարկելու է վերամշակող արդյունաբերության առկա ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու, դրանց կողմից նոր տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների կլանման կարողությունները: Անհրաժեշտ դեպքերում վերանայվելու են վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերում սահմանված այն կարգավորումները, որոնց պատճառով ձևավորվել են զարգացմանը խոչընդոտող անհաղթահարելի սահմանափակումներ։
Միջոցներ են ձեռնարկվելու ԵԱՏՄ-ի շուկաներում վերամշակող արդյունաբե¬րության առանձին ոլորտների նկատմամբ սահմանված ոչ տարիֆային կարգա¬վորումների այնպիսի զարգացումների ուղղությամբ, որոնք էապես կպարզեցնեն մեր ձեռնարկությունների գործունեության պայմանները և կընդլայնեն այդ շուկաներում առաջխաղացման հնարավորությունները։
Հատուկ ուշադրություն է դարձվելու արտահանման մեծ ներուժ ունեցող ոլորտներում ներդրումային ծրագրերի օժանդակությանը։ Այդպիսի ներդրումային ծրագրերն աջակցվելու են արտաքին շուկաներում նշված կազմակերպությունների առաջխաղացման միջոցառումներին օժանդակության, օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային խթանիչ պայմաններ ստեղծելու ճանապարհով:
Նշենք, որ անցած տարվանից Հայաստանում սկսվել է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի ձեռնարկությունների համար տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալուն ծրագրի իրագործումը:
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 18 մլրդ դրամ: Խոսքը վերաբերում է պետության կողմից պտուղ-բանջարային արտադրանքի մթերման գործընթացի սուբսիդավորմանը: Վարկային միջոցների 12 տոկոսից 9 տոկոսը կսուբսիդավորվի պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդպիսով՝ ձեռնարկությունները վարկեր են ստանում 3 տոկոս տոկոսադրույքով, որոնք ուղղորդվում են բացառապես արտադրանքի մթերմանը` կնքված պայմանագրերի հիման վրա: Ընդ որում, միջոցներն ստանում են ոչ թե վերամշակողները, այլ` անմիջականորեն ֆերմերները: Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումից հետո գյուղացիները 10 օրվա ընթացքում ստանում են վարկային ռեսուրսները, որոնց դիմաց կվճարեն մթերող ձեռնարկությունները: Դա գյուղացուն հնարավորութուն կտա երաշխավորված տնօրինել ֆինանսական ռեսուրսները, իսկ վերամշակողին` հումքի համար անհրաժեշտ բազան: