Արմինֆո. <Պետական կառավարման ուռճացված համակարգը՝ իր տեսանելի և անտեսանելի մարմինների չարդարացված ճոխությամբ, գործառույթների և ոլորտների կրկնողությամբ, դրա հետևանքով առաջացած անարդյունավետությամբ, պատասխանատվության մեխանիզմների անորոշությամբ, հիմնազուրկ բեռ է հարկ վճարողների համար և լրջագույն խոչընդոտ՝ Հայաստանի մրցունակության բարձրացման ճանապարհին>,- ասվում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրում:
Ինչպես գտնում են փաստաթղթի հեղինակները, Հայաստանին պետք է ծախսարդյունավետ, դինամիկ, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ։ Այս ուղղությամբ Կառավարությունը շարունակաբար վեր է հանելու պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթները, և վերջիններիս օպտիմալացման արդյունքում բարձրացվելու են պետական գերատեսչությունների ծախսարդյունավետու¬թյունը և աշխատանքի արդյունավետությունը: Կատարողականի գնահատման համակարգի բարեփոխման արդյունքներով փոքրացվելու է պետական մեքենան` նպաստելով պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը: Արդյունքում՝ կապահովվի Կառավարության անդամների իրավասությունների և պարտականությունների հավասարակշռումը, ծրագրերի արդյունքների համար պատաս¬խանատվության որոշակիացումը:
Փաստաթղթի համաձայն՝ հանրային կառավարման համակարգում առկա հիմնական խնդիրների մասով Կառավարության առանցքային մոտեցումներն են՝
1. Ընդհանուր և ոլորտային քաղաքականությունների մասով՝ որևէ նախաձեռնության, գործառույթի, ծրագրի, միջոցառման համար պետք է սահմանվեն արդյունքի վերջնական և թիրախային (տարեկան) ոչ ֆինանսական այնպիսի ցուցանիշներ՝ ներառյալ ժամկետները, որոնք կարտահայտեն և՛ Կառավարության, և՛ առանձին մարմինների գործառույթների, ծրագրերի ու դրանց արդյունքների բովան¬դակային փոխկապակցվածությունը, կլինեն չափելի և համադրելի: Պետք է հստակ ի ցույց դրվի արդյունքների հասցեականությունը Հայաստանի Հանրա¬պետության քաղա¬քացուն և (կամ) այլ շահառուին ուղղված լինելը: Կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, քաղաքացիների և հասարակության այլ անդամների համար պետք է հասանելի և հասկանալի լինեն հանրային միջոցների (բարիքի) վերաբաշխման, այդ թվում՝ իրականացվող ծախսերի և ծրագրերի նպատակները, արդյունքները և դրանց գնահատման չափանիշները; ցանկացած գործառույթի կամ ծրագրի մասով սահմանված նպատակ (ոչ ֆինանսական ցուցանիշը) պետք է ապահովի հավելյալ ու հասցեական արժեք (արդյունք) և պետք է բխի քաղաքականության թիրախներից:
2. Պետական ռեսուրսների կառավարման մասով՝ ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ և խնայողաբար; հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ բացառապես իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ. չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր և (կամ) տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ։ Ընդ որում՝ քաղաքականությանը վերաբերող գործառույթները պետք է համախմբվեն և իրականացվեն պետական մարմինների կառուցվածքում՝ որպես մասնագիտացված ստորաբաժանումներ; օժանդակ, սպասարկող, աջակցող և մասնագիտացված այլ գործառույթների մասով պետք է դիտարկել դրանք մասնավորին արտապատվիրելու հնարավորությունը և նպատակահարմարությունը: Անհնարին կամ ոչ նպատակահարմար լինելու դեպքում նման գործառույթները պետք է կազմակերպվեն տվյալ մարմնի աշխատակազմում գործող համապատասխան ստորաբաժանումների միջոցով՝ բացառելով նույնանման գործառույթների՝ ներառյալ հաստիքների և ստորաբաժանումների մի քանի միավորների կողմից իրականացումը: Այս նպատակներով պետության կողմից նոր ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, Հիմնադրամների, ՓԲԸ-ների և (կամ) այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ, իսկ գործող կառույցների գործունեությունը դադարեցնել (լուծարել, միավորել կամ այլ կերպ դադարեցնել պետության մասնակ¬ցությունը), եթե նշված մոտեցումների ներքո չի հիմնավորվում դրանց ստեղծման կամ գոյության անհրաժեշտությունը.
- պետք է բացառվեն անտեղի և ռիսկ չկանխարգելող կարգավորումները, նույնանման հարցերի վերաբերյալ կամայական որոշումներ ընդունելու հնարավորությունը:
Արդյունքում, եթե իրականացվող որևէ գործառույթի մասով հավելյալ և հասցեական արդյունք սահմանված չէ, կամ ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, օգտավետությունը և տնտեսող լինելը երաշխավորված չեն, ապա նման գործառույթը (ծրագիրը) պետք է չիրականացվի՝ չնախաձեռնվի, դադարեցվի կամ կասեցվի՝ մինչև նշված պայմանների ապահովումը:
Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապա¬հովման, վարչական կոռուպցիայի հաղթահարման նպատակով կարևորվում է պետության կողմից ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման միջոցով քաղաքացի-պետություն շփման հնարավորինս սահմանափակումը, պետական մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, տվյալների անփոփոխելիության, միասնականության և ավտոմատացման ապահովումը, ինչը կբարձրացնի որոշումների ընդունման ժամանակ կիրառվող տեղեկատվության հուսալիության և ամբողջականության աստիճանը:
Կառավարությունը նպատակ է դնում օտարերկրյա պետություններից և միջազգային դոնոր կազմակերպություններից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերն առավելագույնս ազգային ընթացա¬կարգերով կազմակերպելու ուղղությամբ: